Ի տարբերություն քաղաքացիական դատավարության, որտեղ գործին մասնակցող անձիք (հայցվորը և պատասխանողը) պարտավոր են ապացուցել իրենց պահանջների և/կամ առարկությունների հիմքում ընկած փաստերը` վարչական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխումը կախված է դատարան ներկայացված հայցատեսակից։
Ի՞նչ է ապացույցը
Ապացույցը այն փաստի կամ փաստերի մասին տվյալն է, որը գործի լուծման համար ունի էական նշանակություն։ Վարչական դատավարությունում գոյություն ունեն ապացույցի հետևյալ տեսակները՝ վկայի ցուցմունքը, փորձագետի եզրակացությունը, գրավոր ապացույցները (օրինակ՝ տեղեկանքը, հանձնարարականը և այլն), իրեղեն ապացույցները (ինչ-որ առարկաներ՝ ապրանքները ասենք):
Ապացույցներ ներկայացնելու պարտականությունը վարչական դատավարությունում
Վարչական դատավարության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դատավարության յուրաքանչյուր մասնակից, այդ թվում նաև Դատարանը, ապացույցների ձեռքբերմանը ուղղված որոշակի գործողություններ կատարելու պարտականություն ունի։ Այսպես,
- Յուրաքանչյուր կողմ պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ գտնվող այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները,
- Վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը,
- Իր հերթին, Դատարանը, իր ի պաշտոնե (“ex officio“) լիազորությունները իրականացնելիս, կաշկանդված չէ դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է միջոցներ` գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար (օրինակ, հարցումներ է կատարում պետական տարբեր գերատեսչություններ)։
Ապացուցման բեռի բաշխման կանոնները
Վարչական դատավարությունում ապացուցման բեռի բաշխման կաննոները ի օգուտ քաղաքացիների և իրավաբանական անձանց սահմանելիս՝ հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ կողմերից մեկը վարչական մարմին է, այսինքն, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, որն օժտված լինելով պետաիշխանական լիազորություններով, հետևաբար նաև վարչական ռեսուրսներով, ակնհայտորեն առավել գերիշխող դիրք ունի քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում, և օրենսդիրը այս քայլով (իհարկե, նաև Դատարանի ex-officio լիազորության հետ մեկտեղ), կարծես, փորձում է կողմերի իրավական վիճակը հավասարակշռել։
Հիմա ներկայացնենք ապացույցների բաշխման կանոնները՝ ըստ հայցատեսակների՝
Վիճարկման հայցի դեպքում
Վիճարկման հայցի պարագայում ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը։ Վերջինս պարտավոր է իր կողմից ընդունված միջամտող վարչական ակտի համար հիմք ծառայած փաստերի մասով ներկայացնել համապատասխան ապացույցներ։ Օրինակ, հարկային մարմնի կողմից կազմված տուգանքը միջամտող վարչական ակտ է համարվում։ Եվ եթե իրավաբանական անձը դիմի դատարան տուգանքի ակտը վերացնելու պահանջով, ապա հարկային մարմինը կկրի տուգանքի նշանակման համար հիմք հանդիսացած փաստերի մասով ապացուցման պարտականությունը։ Իհարկե, սա չի կաշկանդում տուգանված անձին Դատարան ներկայացնելու հավելյալ ապացույցներ։
Պարտավորեցման հայցի դեպքում
Պարտավորեցման հայցի դեպքում երկու հակադիր կողմերն էլ կրում են ապացուցման բեռը՝ հետևյալ կերպով
- Վարչական մարմինը՝ հայցվող վարչական ակտի ընդունումը մերժելու հիմք հանդիսացած փաստերի մասով,
- ֆիզիկական կամ իրավաբանական անձը` այն փաստերի մասով, որոնցով հիմնավորվում է իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունումը։
Ենթադրենք՝ քաղաքացի Ա-ն դիմել է վարչական մարմին շինարարության թույլտվություն ստանալու համար, սակայն վարչական մարմինը մերժել է նրան։ Այս դեպքում, վարչական մարմինը պարտավորվում է ներկայացնել շինարարության թույլտվության մերժման համար հիմք հանդիսացած ապացույցները, իր հերթին քաղաքացի Ա-ն պարտավոր է ներկայացնել փաստեր և ապացույցներ, որոնք հիմնավորում են, որ տվյալ դեպքում շինարարության թույլտվություն ստանալու բոլոր հիմքերը առկա են եղել։
Գործողության կատարման հայցի դեպքում
Գործողության կատարման հայցատեսակով հայցվորը կարող է պահանջել, որ Դատարանը վարչական մարմնին պարտավորեցնի կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից (պայմանով, որ դրանք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը), որոնք փաստական հետևանքներ են առաջացնում իր համար: Օրինակ, քաղաքացի Ա-ն կարող է դիմել դատարան՝ խնդրելով, որ Դատարանը պարտավորեցնի քաղաքապետարանին ձեռնպահ մնալ (այսինքն՝ չկատարել) իր ինքնակամ կառույցը ապամոնտաժելու գործողություններից։ Ինչպես պարտավորեցման հայցի դեպքում, այստեղ ևս և՛ վարչական մարմինը, և՛ քաղաքացին կամ իրավաբանական անձը ապացուցման բեռ են կրում, մասնավորապես,
- վարչական մարմինը` հայցվող գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու համար հիմք հանդիսացած փաստերի մասով,
- ֆիզիկական կամ իրավաբանական անձը` իր համար բարենպաստ փաստերի մասով։
Ճանաչման հայցի դեպքում
Ճանաչման հայցը իր մեջ ներառում է երեք ենթատեսակներ, որոնց մասին առավել մանրամասն կանդրադառնանք հետագա հոդվածներում։ Թվարկենք այդ ենթատեսակները և դրանցը հատուկ ապացուցման բեռի բաշխման կանոնները՝
- ֆիզիկական կամ իրավաբանական անձը` որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը հաստատող փաստերի մասով,
- Վարչական մարմինը` վարչական ակտի առ ոչինչ լինելը հերքող փաստերի մասով,
- Վարչական մարմինը` այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտի, ինչպես նաև որևէ կատարված գործողության կամ թույլ տրված անգործության իրավաչափությունը հիմնավորող փաստերի մասով։
Վարչական դատավարությունում ապացուցման պարտականության կանոնների հիման վրա ճիշտ բեռի բաշխում իրականացնելը և դրան համապատասխան ապացուցման գործընթաց անցկացնելը քաղաքացիների և բիզնեսներիի իրավունքների երաշխավորման և պաշտպանության հիմնական գրավականն է։