Այս հոդվածում կբացահայտենք «զուտ շահույթի» մեթոդը (transactional net margin method) տրանսֆերային գնագոյացման կանոնների կիրառության մեջ։ Տվյալ մեթոդը նպատակ ունի որոշել փոխկապակցված ընկերությունների միջև կնքվող վերահսկվող գործարքի շուկայական գինը՝ հիմնվելով գործարքից ստացված զուտ շահույթի ցուցանիշի վրա և համեմատելով այն չփոխկապակցված ընկերությունների համանման գործարքներից առաջացած զուտ շահույթի հետ:
Ո՞րն է «զուտ շահույթի» մեթոդը:
«Զուտ շահույթի» մեթոդը հանդիսանում է փոխկապակցված ընկերությունների միջև կնքվող վերահսկվող գործարքների (ապրանքների մատակարարման կամ ծառայութունների մատուցման) գնի (տրանսֆերային գնի) որոշման միջոցներից մեկը, որը հիմնված է այն ենթադրության վրա, որ փոխկապակցված ընկերությունների միջև կնքված գործարքի շուկայական գինը պետք է հանգեցնի այնպիսի զուտ շահույթի, որը համադրելի լինի չփոխկապակցված ընկերությունների կողմից նմանատիպ գործարքներից ստացված զուտ շահույթի հետ:
«Զուտ շահույթի» մեթոդի կիրառմամբ համեմատվում է վերահսկվող գործարքի կողմերից մեկի՝ ստուգվող կողմի (tested party) զուտ շահույթի ցուցանիշը համադրելի չվերահսկվող գործարքներում ներգրավված անկախ ընկերությունների զուտ շահույթի ցուցանիշների հետ: Զուտ շահույթի ցուցանիշը սովորաբար արտահայտվում է որպես զուտ շահույթի հարաբերակցություն (ratio) որևէ բազայի նկատմամբ, օրինակ՝ ծախսերի, վաճառքների կամ ակտիվների:
Այս մեթոդը հատկապես կիրառելի է այն դեպքերում, երբ գործարքի կողմերից մեկը կատարում է համեմատաբար պարզ գործառույթներ և չի օգտագործում եզակի կամ արժեքավոր ոչ նյութական ակտիվներ: Մեթոդի կիրառության իմասով գործարքներից ստացվող զուտ շահույթ է համարվում այդ գործարքների գծով ստացվող եկամտի և դրանց գծով ծախսերի դրական տարբերությունը:
Ինչպե՞ս է կիրառվում զուտ շահույթի մեթոդը։
«Զուտ շահույթի» մեթոդի կիրառման քայլերի հաջորդականությունը կարելի է պատկերացնել ստորև օրինակով․
- Որոշել վերահսկվող գործարքի ստուգվող կողմը (tested party):
Ենթադրենք, Ա ընկերությունը (արտադրող) վաճառում է ապրանքներ իր փոխկապակցված Բ ընկերությանը (դիստրիբյուտոր): Ստուգվող կողմ է ընտրվում Բ ընկերությունը, քանի որ այն կատարում է ավելի պարզ գործառույթներ:
- Ընտրել համապատասխան ֆինանսական ցուցանիշը: ՀՀ հարկային օրենսգիրքը կախված գործարքի տեսակից նախատեսում է հետևյալ ցուցանիշները՝
- Ծախսումների նկատմամբ զուտ շահույթի գործակից (արտադրություն կամ ծառայության մատուցում)
- Իրացումների նկատմամբ զուտ շահույթի գործակից (ապրանքի մատակարարում)
- Ակտիվների նկատմամբ զուտ շահույթի գործակից (մեծ ակտիվների ներգրավում պահանջող գործարքներ)
- Որոշել համադրելիության ժամանակահատվածը: Սա այն ժամանակահատվածն է, որի համար կտրվածքով հաշվարկվում և համեմատվում են ֆինանսական ցուցանիշները:
- Ընտրել համադրելի չվերահսկվող գործարքները: Գտնել անկախ և չփոխկապակցված ըկերություններ, որոնք իրականացնում են նմանատիպ գործունեություն, ունեն նմանատիպ գործառույթներ, կրում են համանման ռիսկեր և օգտագործում են նմանատիպ ակտիվներ:
- Հաշվարկել ընկերության զուտ շահույթի ցուցանիշները:
Այս դեպքում, քանի որ ընկերությունն արտադրությամբ էր զբաղվում, հետևաբար, որպես ֆինանսական ցուցանիշ հաշվարկում ենք ծախսումների նկատմամբ զուտ շահույթի գործակիցը: Այն հաշվարկվում է հետևյալ կերպ.
1. Հաշվարկել զուտ շահույթը (Զուտ շահույթ = Վաճառքի ծավալ – Ընդհանուր ծախսեր)
Օրինակ՝
– Ա ընկերության տարեկան վաճառքի ծավալը՝ 1,000,000 դրամ
– Ա ընկերության ընդհանուր ծախսերը՝ 800,000 դրամ
Զուտ շահույթ = 1,000,000 – 800,000 = 200,000 դրամ
2. Հաշվարկել Ծախսումների նկատմամբ զուտ շահույթի գործակիցը (Գործակից = (Զուտ շահույթ / Ընդհանուր ծախսեր) x 100%)
Գործակից = (200,000 / 800,000) x 100% = 0.25 x 100% = 25%
- Հաշվարկել համադրելի ընկերությունների զուտ շահույթի ցուցանիշները:
Ենթադրենք, մենք գտել ենք 5 համադրելի ընկերություն հետևյալ զուտ շահույթի գործակիցներով՝
Ընկերություն 1 – 20 %
Ընկերություն 2 – 21 %
Ընկերություն 3 – 20,5 %
Ընկերություն 4 – 27%
Ընկերություն 5 – 24 %
- Որոշել շուկայական միջակայքը (interquartile range):
Ստորին շեմ: 20%
Միջին շեմ: 24%
Վերին շեմ: 27%
- Համեմատել զուտ շահույթի ցուցանիշները:
Եթե Բ ընկերության զուտ շահույթի ցուցանիշը գտնվում է 20%-27% միջակայքում, ապա կարելի է եզրակացնել, որ վերահսկվող գործարքի գինը համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, հակառակ դեպքում անհրաժեշտ է ճշգրտել գործարքի գինը այնպես, որ Բ ընկերության զուտ շահույթի ցուցանիշըը հայտնվի շուկայական միջակայքում:Սույն դեպքում, քանի որ զուտ շահույթի ցուցանիշը 25% է, ուստի այն համապատասխանում է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին:
«Զուտ շահույթի» մեթոդի ճիշտ կիրառումը թույլ է տալիս ապահովել վերահսկվող գործարքների համապատասխանությունը պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին՝ հիմնվելով շուկայական տվյալների վրա: Սակայն, այս մեթոդը պահանջում է մանրակրկիտ վերլուծություն և համադրելի տվյալների հավաքագրում: Retrieve Legal and Tax-ի մասնագետները կարող են օգնել ձեզ ճիշտ կիրառել զուտ շահույթի մեթոդը՝ հաշվի առնելով ձեր բիզնեսի առանձնահատկությունները և օրենսդրական պահանջները: