Նախորդ հոդվածներում անդրադարձել էինք տրանսֆերային գնագոյացման կանոններին և համառոտ ակնարկ կատարել դրա մեթոդների վերաբերյալ (Տրանսֆերային գնագոյացման կանոններին ծանոթացի՛ր https://t.ly/bJEc1, մեթոդներին՝ https://t.ly/doEjM0)։ Սույն և հաջորդիվ հրապարկվող հոդվածներում ավելի մանրամասն կփորձենք ուսումանսիրել տրանսֆերային գնագոյացման մեթոդներից յուրաքանչյուրը: Այս մեթոդների շարքում «ծախսումներ գումարած» (Cost-Plus) մեթոդը առանձնանում է իր պարզությամբ, առավել թափանցիկությամբ և լայն կիրառությամբ:
Ի՞նչ ասել է «ծախսումներ գումարած»։
«Ծախսումներ գումարած»-ը տրանսֆերային գնագոյացման հինգ մեթոդներից մեկն է՝ գնագոյացման կառուցակարգ, որի միջոցով որոշվում է փոխկապակցված ընկերությունների միջև ապրանքների կամ ծառայությունների փոխանցման գործարքների գինը: Մեթոդի անունը ինքնին հուշում է, որ տվյալ դեպքում գործ ունենք ծախսերի և դրանց գումարած հավելագնի հետ։ Գործարքի առարկայի (ապրանք, ծառայություն) մատակարարման ընթացքում կատարված ուղղակի և անուղղակի ծախսերին (ներառյալ կիրառելի հարկերին) ավելացնելով հավելագինը՝ գործարքի շահույթի տոկոսը, այս մեթոդն ապահովում է, որ գործարքի գինը արտացոլի շահույթի այնպիսի չափ, որը նախատեսված կլիներ ոչ փոխկապակցված և միմյանցից անկախ կողմերի համադրելի չվերահսկվող գործարքների պայմաններում (համադրելի չվերահսկվող գործարքների մասին տե՛ս՝ https://t.ly/doEjM): Մեթոդը հատկապես արդյունավետ է այն դեպքերում, երբ մատակարարը ծախսարդյունավետ կերպով է գործունեություն ծավալում և կատարված ծախսերին ավելացված արժեքը հեշտ է որոշել։ Դա է պատճառը, որ ՀՀ հարկային օրենսգիրքը սահմանում է, որ «ծախսումներ գումարած» մեթոդը կարող է կիրառվել, մասնավորապես, երբ մատակարարը վերահսկվող գործարքում մատակարարած ապրանքի կամ մատուցած ծառայության դեպքում չի օգտագործել արժեքավոր նյութական ակտիվներ կամ կրել էական ռիսկեր։
Ո՞ր ոլորտներում է առավել հաճախ հանդիպում այս մեթոդը:
- Արտադրական և վաճառքի գործունեություն. Մեթոդը կիրառվում է ապրանքների և նյութական այլ բարիքների արտադրությանն ու վաճառքին առնչվող գործարքների համար, քանի որ այդ դեպքերում արտադրության հետ կատարված անուղղակի և ուղղակի ծախսերը որոշելը հեշտ է:
- Ծառայությունների մատուցում. Համեմատաբար պարզ, ոչ խառը գործընկերային իրավահարաբերություններով ծառայությունների մատուցման գործարքների պարագայում, ասենք՝ ծրագրային ապահովման մշակում:
Ինչպե՞ս է կիրառվում «ծախսումներ գումարած» մեթոդը։
Այս մեթոդի կիրառմամբ փոխկապակցված ընկերությունների միջև գործարքի ընդունելի և ողջամիտ (պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համպատասխան) գինը որոշելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը.
- Որոշել գործարքի առարկայի համար մատակարարի կողմից կատարված ուղղակի ծախսերի չափը. Նման ծախսերը խիստ կապված են արտադրության կամ ծառայության առարկայի ստացման հետ․ այդպիսիք են հումքի համար կատարված, աշխատուժին վճարվող աշխատավարձերը և այլն:
- Որոշել գործարքի առարկայի համար մատակարարի կողմից կատարված անուղղակի ծախսերի չափը. Այս ծախսերը արտադրության կամ ծառայության առարկայի ստացման հետ ուղղակիրորեն կապված չեն, և կարող են ներառել օրինակ տարածքի վարձակալությունը, կոմունալ վճարները, վարչական ծախսերը և ընդհանուր այլ ծախսերը (overhead) , այդ թվում՝ կիրառելի հարկերը և տուրքերը:
- Որոշել գործարքի առարկայի ինքնարժեքը. Ինքնարժեքը կարող է որոշվել գումարելով գործարքի առարկայի համար կատարած անուղղակի և ուղղակի ծախսերը:
- Պարզել թե համադրելի չվերահսկվող գործարքներում որքան շահույթ են ստանում նմանատիպ գործարքներից: Շահույթի չափը կարող է տարբերվել կախված գործարքի առարկայից, շուկայական պայմաններից և այլն: Սույն մեթոդի շրջանակներում շահույթի չափը համարվում է հավելագին:
- Համադրելի չվերահսկվող գործարքներում ստացվող շահույթի չափը՝ ՀԱՎԵԼԱԳԻՆԸ գումարել գործարքի առարկայի համար կատարված բոլոր ծախսերին:
Այսպես, օրինակ արտադրողը իր մեկ արտադրանքը ստեղծելու համար կատարել է 20 դոլար ուղղակի ծախս՝ վճարելով հումքի և աշխատուժի համար (1-ին քայլ), այնուհետև կատարելով նաև կոմունալ վճարումներ և ադմինիստրատիվ այլ ծախսեր կատարել է ևս 5 դոլար անուղղակի ծախս (2-րդ քայլ): Արտադրանքի ընդհանուր ինքնարժեքը հետևաբար կազմել է 25 դոլար (3-րդ քայլ): Այնուհետև համեմատվում է համադրելի չվերահսկվող նմանատիպ գործարքներում նման արտադրանքի համար ինչքան շահույթ է ստանում ընկերությունը: Օրինակ դիտարկենք, որ նմանատիպ գործարքներից ընկերությունը ստանում է 20 տոկոս շահույթ (հավելագին) (4-րդ քայլ): Սույն դեպքում գործարքի առարկայի գինը որոշելու համար պետք է կատարված բոլոր ծախսերին՝ 25 դոլարին, ավելացնել ակնկալվող շահույթը՝ 20 տոկոսը: Այս մեթոդի կիրառմամբ կատարված ծախսերին գումարվող հավելագինը (այս դեպքում՝ 20 տոկոս շահույթը) համեմատվում է համադրելի չվերահսկվող գործարքներում ավելացվող հավելագնի չափի հետ (5-րդ քայլ): Արդյունքում սույն դեպքում գործարքի առարկայի գինը կհաշվարկվի հետևյալ կերպ.
- 25 դոլար (կատարված բոլոր ծախսերի չափը) + ((25 դոլար x 0.2 (հավելագինը)) = 30 դոլար
Որո՞նք են այս մեթոդի առավելություններն ու բացասական կողմերը:
Մեթոդի առավելությունները.
Կիրառելիության պարզություն. մեթոդը համեմատաբար պարզ և հեշտ կիրառելի է: Կատարված ծախսերի և հավելագնի միջև ուղղակի կապը թույլ է տալիս պարզ բացատրություններ տալ հարկային մարմնին կոնկրետ գործարքի գնագոյացման վերաբերյալ:
Գնագոյացման կայունություն. Հատկապես կայուն և կանխատեսելի ծախսերի կառուցվածք ունեցող ոլորտներում այս մեթոդը ապահովում է գնագոյացման կայուն մոտեցում, ինչը նպաստում է երկարաժամկետ ճշգրիտ պլանավորմանը և բյուջետավորմանը:
Արտաքին տվյալների հավաքագրման համեմատաբար ավելի քիչ անհրաժեշտություն. Ի տարբերություն այլ մեթոդների՝ այս մեթոդը առավելապես հիմնված է ծախսային տվյալների վրա, որոնք սովորաբար հասանելի ընկերության ֆինանսկան զեկույցներում և հարկային հաշվետվություններում։
Մեթոդի բացասական կողմերը
Անուղղակի ծախսերի բաշխման բարդություն. անուղղակի ծախսերի բաշխումը կարող է բարդ և վիճելի լինել: Գործնականում ընկերությունները կարող են ունենալ անուղղակի ծախսերի հաշվարկման և բաշխման տարբեր եղանակներ, ինչը կարող է հանգեցնել հնարավոր վիճելի դրվագների:
Շուկայական պայմանների անտեսում. Այս մեթոդը կենտրոնանում է ծախսերի ներքին կառուցվածքների վրա և հաշվի չի առնում արտաքին շուկայական պայմանները, որոնք կարող են ազդել գնագոյացման վրա: Օրինակ, պահանջարկի տատանումները, կամ շուկայական հատուկ ռիսկերը հաշվի չեն առնում տրանսֆերային գնի մեջ:
Շահութաբերության փոփոխականություն. Կատարված ծախսերին ավելացվող հավելագնի դրույքաչափերը կարող են զգալիորեն տարբերվել տարբեր ոլորտներում և շուկաներում, ինչը դժվար է դարձնում համընդհանուր ընդունելի դրույքաչափի որոշումը: Շահույթի այն չափը, ինչ համարվում է պարզած ձեռքի երկարության սահմաններում մի ոլորտում, կարող է չհամապատասխանել մյուսին:
Սահմանափակ կիրառելիություն. Այս մեթոդը համեմատաբար քիչ կիրառելի է ոչ նյութական ակտիվների, մեծ ինտեգրվածության գործառնությունների հետ կապված գործարքների համար, որտեղ կատարված ծախսերի տվյալները կարող են հասանելի կամ տեղին չլինել: Այն եզակի ապրանքներ կամ ծառայություններ ունեցող ընկերությունների համար ևս քիչ կիրառելի է, քանի որ նման դեպքերում դժվար է համադրելի չվերահսկվող գործարքներ գտնել:
Թեև այս մեթոդն ունի մի շարք առավելություններ, ներառյալ դրա պարզությունն ու կիրառման հեշտությունը, այն ունի նաև մի քանի թույլ կողմեր, այդ թվում՝ համադրելի չվերահսկվող գործարքներ գտնելու դժվարությունը և հաշվապահական ու ֆինանսական անհամապատասխանությունների հավանականությունը: Retrieve legal & tax-ի ոլորտի մասնագետները, հաշվի առնելով Ձեր բիզնեսի առանձնահատկությունները, կօգնեն որոշել տրանսֆերային գնագոյացման ամենահարմար և շահավետ մեթոդը Ձեզ համար: