Հայցի ապահովումը վարչական դատավարությունում մասնակիցների շահերի պաշտպանության կարևորագույն գործիքներից մեկն է: Հայցի ապահովման միջոցով դատարանն որոշակի երաշխիքներ է ստեղծում, որպեսզի տվյալ գործով կայացվելիք դատական ակտի կատարումն հետագայում դժվար կամ անհնարին չդառնա:
Ի՞նչ է հայցի ապահովումը
Հայցի ապահովումը դատարանի կողմից կատարվող գործողություն է, որի արդյունքում առաջանում են սահմանափակող հետևանքներ դատավարության կողմերի համար, ասենք դրամական միջոցների վրա արգելանք է դրվում:
Ո՞ր դեպքերում է դատարանը հայցի ապահովման միջոցներ կիրառում՝
Պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե այպիսի միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։ Այսինքն, դատարանը կարող է ապահովման միջոնցներ կիրառել, եթե ապագայում կայացվելիք դատական ակտը չի կատարվի կամ կդժվարանա դրա կատարումը։
Վիճարկման հայցերի դեպքում հայցի ապահովման միջոցներ չեն կիրառվում, քանի որ վիճարկման հայցը վարույթ ընդունելու արդյունքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է մինչև այդ գործը լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
Հայցի ապահովման ի՞նչ միջոցներ կան:
Հայցի ապահովման միջոցներն հետևյալն են`
1) հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարումը.
2) դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը.
3) պատասխանողին պատկանող գույքի (ներառյալ՝ դրամական միջոցների) վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
4) որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանումը կամ փոփոխումը:
Հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում. Դիտարկենք մի իրավիճակ, երբ հայցվորը ներգրավել է պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում և վիճարկում է դա վարչական դատավարության կարգով: Որպեսզի գնումների գործընթացը չավարտվի և դատական ակտի կայացումից հետո, ըստ էության, այլևս անհնար չդառնա կատարելը, Հայցվորի միջնորդությամբ դատարանը կարող է ժամանակավոր գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցանկից հանել Հայցվորին՝ ապահելով նրա մասնակցությունը:
Դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը․ Օրինակ, երբ հայցվորին պատկանող գույքը ինքնակամ կառույց ճանաչելու և ապամոնտաժելու որոշում է կայացվել և այդ որոշումը վիճարկվում է վարչական դատավարության կարգով, հայցվորի կողմից ներկայացված հայցի ապահովման միջոցի կիրառման միջնորդությունը բավարարելու դեպքում ապամոնտաժման աշխատանքներ այլևս չեն իրականացվի մինչև վերջնական դատական ակտի կայացումը:
Պատասխանողին պատկանող գույքի (ներառյալ՝ դրամական միջոցների) վրա հայցագնի չափով արգելանք դնելը. Ապահովման այս միջոցի կիրառմամբ դատավարության մյուս մասնակցի գույքի և/կամ դրամական միջոցների վրա արգելանք է կիրառվում և վերջինս չի կարողանում տնօրինել այն մինչև դատական ակտի ուժի մեջ մտնելը, եթե առկա է վտանգ, որ դատական ակտի կատարումը անհնար կդառնա առանց դրա, ասենք՝ գույքը կվաճառվի կամ դրամական միջոցները կվատնվեն:
Որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանումը կամ փոփոխումը. Այս ապահովման միջոցի կիրառմամբ արդեն իսկ գոյություն ունեցող իրավիճակը ժամանակավորապես փոփոխվում կամ էլ պահպանվում է: Օրինակ, եթե վիճարկվում է Ոստիկանության ապօրինի վտարման աշխատանքներ կատարելու հանգամաքը, այս միջոցի շնորհիվ կարող է պահպանվել եղած իրավիճակը, այն է՝ վտարման ենթակա անձինք շարունակեն ժամանակավորապես բնակվել այդ տեղում։
Արդյո՞ք հայցի ապահովման միջոցները կիրառելի են հատուկ վարույթների դեպքում՝
Վարչական դատավարությունում հատուկ վարույթներ են համարվում նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու, ընտրական իրավունքի պաշտպանության, անձնական տվյալների պաշտպանության, նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ և վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ գործեր: Որոշ հատուկ վարույթներում դիմումի հետագա կատարումն ապահովելու համար դիմողի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կիրառվում են վիճարկվող գործողության կամ նորմատիվ իրավական ակտի գործողության կասեցման միջոցներ: Օրինակ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկման հատուկ վարույթներում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի գործողությունը կարող է կասեցվել, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների դիմողի կամ հանրության համար:
Այսպիսով, վարչական դատավարությունում հայցի ապահովման միջոցի ինստիտուտը կարևոր գործիք է անձանց համար պետական մարմինների հետ իրավահարաբերություններում իրենց իրավունքների խախտումները վերականգնելու և վճիռների կատարումն ապահովելու համար: