Հայաստանի Հանրապետությունում նախքան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը անհրաժեշտ է պարզել, թե արդյոք գործունեության տվյալ տեսակը դրա մի հատվածը լիցենզավորման ենթակա է, թե ոչ, և եթե այո, ապա որոնք են համապատսխան լիցենզիա ստանալու պահանջները և ընթացակարգերը: Լիցենզավորումը պետական կարգավորման մեխանիզմ է, որն ուղղված է որոշակի գործունեության տեսակների նկատմամբ վերահսկողություն սահմանելուն՝ հատկապես թուլտվություն տրամադրելու առումով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով: Այս հոդվածում կներկայացվեն ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեությունները, լիցենզավորման գործընթացը և դրա հետ կապված իրավական կարգավորումները:
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները
ՀՀ օրենսդրությունը նախատեսում է լիցենզավորման ենթակա բազմաթիվ գործունեության տեսակներ: Դրանք կարելի է խմբավորել հետևյալ հիմնական ոլորտներում.
Առողջապահություն
- Դեղատնային գործունեություն
- Դեղերի արտադրություն
- Բժշկական օգնության և սպասարկման իրականացում
Կրթություն
- Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում
- Հիմնական հանրակրթական ծրագրերի իրականացում
- Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացում
- Միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում
- Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում
- Այլ
Ֆինանսական ծառայություններ
- Բանկային գործունեություն
- Ապահովագրական գործունեություն
- Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն
- Այլ
Էներգետիկա
- Էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրություն
- Էլեկտրական և ջերմային էներգիայի հաղորդում
- Էլեկտրական էներգիայի բաշխում
- էլեկտրական էներգիայի մատակարարում
- Այլ
Վիճակախաղերի, շահումներով խաղեր
- Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում
- Խաղատների կազմակերպում
- Շահումով խաղերի կազմակերպում
- Վիճակախաղերի կազմակերպում
Շինարարություն
- Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում և փորձաքննություն
- Շինարարության իրականացում (բացառությամբ շինանարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
- Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն
- Այլ
Այլ ոլորտներ
- Աուդիտորական ծառայությունների իրականացում
- Մաքսային փոխադրողի գործունեություն
- Հեռահաղորդակցության ցանցերի շահագործում
- Զենքի առևտուր
- Այլ
Ո՞րն է լիցենզիա ստանալու գործընթացը:
Որպես կանոն, լիցենզիա ստանալու գործընթացը ներառում է հետևյալ հիմնական քայլերը և փուլերը.
- Դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացում լիցենզավորող մարմնին
- Փաստաթղթերի ուսումնասիրություն լիցենզավորող մարմնի կողմից
- Օրենքով սահմանված դեպքերում՝ տեսչական ստուգում կամ փորձաքննություն
- Որոշման կայացում լիցենզիայի տրամադրման կամ մերժման վերաբերյալ
- Լիզենզիա տրամադրելու դրական որոշման դեպքում՝ պետական տուրքի վճարում
- Լիցենզիայի տրամադրում
Ինչպե՞ս է որոշվում լիցենզիայի գործողության ժամկետը:
Ըստ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Օրինակ քաղաքաշինության բնագավառի գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով: Դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզիաները տրվում են հինգ տարի ժամկետով:
Ի՞նչ հիմքերով կարող է կասեցվել լիցենզիայի գործողությունը:
Լիցենզավորման ենթական գործունեությունները ենթադրում են լրացուցիչ համապատասխանության ապահովում օրենքի դրույթներին, և դրա վերահսկման նպատակով օրենքով սահմանված են լրացուցիչ պարտականություններ լիցանզավորման ենթական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների համար: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն լիցենզիայի գործողության կասեցման հիմնական հիմքերը հետևյալն են՝
- Լիցենզիայի պայմանների խախտումը
- Հաշվետվությունների ներկայացման ժամկետների խախտումը
- Տարեկան պետական տուրքը չվճարելը
- Լիցենզավորված անձի դիմումի համաձայն
Որպես վարչական ակտ, լիցենզիայի մերժման կամ կասեցման որոշումը կարող է բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով: Բողոքը կարող է ներկայացվել կասեցման կամ մերժման որոշումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում: Լիցենզավորող մարմինները պարտավոր են քննարկել բողոքը 10 օրվա ընթացքում:
Լիցենզավորման առանձնահատկությունները առանձին ոլորտներում
Բանկային, ներդրումային, ապահովագրական գործունեություն
Բանկային, ներդրումային, ապահովագրական գործունեության լիցենզավորումն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Լիցենզիա ստանալու համար օրենսդրությամբ նախատեսված է կանոնադրական կապիտալի նվազագույն չափ, որը օրինակ ապահովագրական ընկերությունների դեպքում կազմում է 50,000,000 ՀՀ դրամ, ներդրումային ու բանկային գործունեության դեպքում կախված իրականացվող գործունեությունից կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սկսվում է 20,000,000 ՀՀ դրամից: Այս դեպքում անհրաժեշտ է ապահովել ղեկավարների մասնագիտական ու որակավորման համապատասխանությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված տեխնիկական հագեցվածության պայմանները:
Դեղերի արտադրության և բժշկական օգնության ոլորտ
Դեղատնային գործունեության լիցենզավորումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Դեղատնային գործունեության լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան տարածք և սարքավորումներ, ապահովել օրենսդրության համապատասխան տեխնիկական ապահովվածության, սանիտարահիգենիկ պայմաններ, ապահովել օրենսդրությամբ նախատեսված մասնագիտական որակավորում ունեցող համապատասխան թվաքանակով անձնակազմի առկայություն:
Հարկ է նշել, որ վերոնշյալ ոլորտային առանձնահատկությունները չեն սահմանափակվում միայն նշված օրինակներով: Յուրաքանչյուր ոլորտ ունի իր յուրահատուկ պահանջները և կարգավորումները, որոնք անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել լիցենզիա ստանալու գործընթացը սկսելուց առաջ:
Եթե ցանկանում եք ստանալ մանրամասն խորհրդատվություն լիցենզավորման գործընթացի վերաբերյալ կամ օգնություն լիցենզիայի ստացման հարցում, Retrieve Legal & Tax-ի փորձառու իրավաբանները պատրաստ են աջակցել ձեզ: