Քաղաքացիական դատավարության նորմերը և կաննոները հիմնականում նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով։ Օրենսգիրքը սահմանում է քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը և արդարադատության իրականացման ընթացակարգը։ Դատավարության ընթացքը կարելի է պարզ և պայմանական բաժանել մի քանի փուլերի, որը հիմնականում անցնում է հետևյալով՝
Հայցի հարուցումը
Քաղաքացիական դատավարության սկիզբն համարվում է հայցի հարուցումը՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (այսուհետ՝ «Դատարան») հայցադիմում կամ դիմում ներկայացնելու միջոցով։
Հայցադիմումը ներկայացվում է գրավոր տարբերակով (հիմնականում էլեկտորնային եղանակով), որտեղ նշվում են՝
- Այն դատարանը, որտեղ ներկայացվում է հայցադիմումը,
- Հայցվորի (այն անձը, ում իրավունքները խախտվել են) անունը կամ անվանումը և նրան վերաբերող հիմնական տվյալները (հասցեն, անձնագրային տվյալները կամ իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման համարը),
- Պատասխանողի (ում ներկակացվում է նյութաիրավական պահանջը) տվյալները,
- Եթե հայցվորը ունի ներկայացուցիչ՝ նրա տվյալները,
- Գործին մասնակցող այլ անձանց տվյալները,
- Այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները,
- Հայցի իրավական հիմքերը և հիմնավորումները (ընտրովի),
- Միջնորդույթուններ (ընտրովի),
- Պատասխանողին ուղղված պահանջները,
- Հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը,
- Այլ (ընտրովի)։
Հայցադիմումը Դատարան ներկայացնելուց հետո՝ 7 օրվա ընթացքում Դատարանը ստուգում է հայցադիմումի համապատասխանությունը օրենքի պահանջներին և կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝
- հայցադիմումը վարույթ ընդունելու մասին,
- հայցադիմումի ընդունումը մերժելու մասին,
- հայցադիմումը վերադարձնելու մասին:
Եթե հայցադիմումը համապատասխանում է օրենքի պահանջներին, դատարանը այն ընդունում է վարույթ և ծանուցում է գործին մասնակցող անձանց։ Հակառակ դեպքում, կարող է մերժել (օրինակ, գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով կամ հայցի առարկայի վերաբերյալ առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ) կամ վերադարձնել (օրինակ, հայցադիմումում առկա են սխալներ, ասենք՝ չեն պահպանվել հայցադիմումի ձևին, բովանդակությանը պահանջները) հայցադիմումը։ Հայցադիմումը վերադարձնելու դեպքում Դատարանը եռօրյա ժամկետ է տրամադրում՝ հայցադիմումի թերությունները վերացնելու համար։
Հայցադիմումի կամ դիմումի վարույթ ընդունմամբ մեկնարկում է քաղաքացիական գործի քննությունը։ Մինչև դատական նիստի հրավիրելը՝ գործին մասնակցող անձը կարող է Դատարան ներկայացնել միջնորդություն՝ հայցի ապահովման միջոց կիրառելու համար։ Այս գործողության անհրաժեշտությունը դրսևորվում է այն ժամանակ, երբ կա վտանգ, որ առանց այդ միջոցների կիրառման անհնարին կդառնա կամ կդժվարանա դատական ակտի կատարումը։ Հայցի ապահովման միջոց է, օրինակ պատասխանողին պատկանող գույքի վրա արգելանք դնելը։
Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան կարող է ներկայացնել հայցադիմումի պատասխան՝ շարադրելով իր առարկությունները և հակափաստարկները:
Նախնական դատական նիստ
Դատավարության մյուս փուլը նախնական դատական նիստի անցկացումն է (բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն):
Նախնական նիստում դատարանը քննարկում է գործի նախապատրաստման հարցերը, ներառյալ ապացույցների ներկայացման կարգը, լրացուցիչ փաստերի ուսումնասիրությունը, ինչպես նաև միջնորդությունները:
Այս փուլում ներկայացվում է հայցի հիմքը և առարկան, Դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, փոխարինում է ոչ պատշաճ պատասխանողին (հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով) և անհրաժեշտության դեպքում ներգրավում է նոր պատասխանողի, հարցուցվում և քննվում են միջնորդություններ և այլն։
Դատարանը կարող է հետաձգել գործի քննությունը, եթե օրինակ գործին մասնակցող անձանցից որևէ մեկը կամ նրա ներկայացուցիչը դատարանի կողմից հարգելի ճանաչված պատճառով չի ներկայացել դատական նիստին։ Որոշ դեպքերում Դատարանը պարտավորվում է կասեցնել գործի վարույթը, այսինքն՝ ժամանակավորապես դադարեցնում է տվյալ գործով դատավարական գործողությունների իրականացումը։ Այսպես, եթե, օրինակ, անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտի օրինական ուժի մեջ մտնելը կամ առկա է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է գործի հետագա քննությանը և այլն։
Դատարանը դատավարության ցանկացած փուլում կարող է կարճել գործի վարույթը, եթե, առկա են համապատասխան հիմքեր, օրինակ, գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով և պետք է քննվի վարչական դատավարության կարգով։
Գործի դատաքննությունը
Դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին։
Քաղաքացիական դատավարությունում գործի դատաքննությունը չափազանց կարևոր է։ Այստեղ է, որ հետազոտվում և գնահատվում են գործով ներկայացված ապացույցները, հարցաքննվում են վկաները և փորձագետները, ընթանում է դատական վիճաբանություններ, յուրաքանչյուր կողմ ներկայացնում է իր փաստարկները և դիրքորոշումները և այլն։ Այնուհետև, եթե կատարվել են այս փուլին հատուկ բոլոր գործողությունները, Դատարանը ավարտում է գործի դատաքննությունը՝ հայտարարելով վճռի հրապարակման ժամանակը և վայրը։
Դատարանի վճիռը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ։ Դատարանի՝ օրինական ուժի մեջ չմտած վճիռները և որոշումները կարող են վերաքննության կարգով բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ դատարան, իր հերթին Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումները (որոշակի բացառություններով) կարող են բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան։